Հայաստանը կանգնած է իր պատմության ամենակարևոր քաղաքակրթական ջրբաժանից

Այսօր մեր երկիրը կանգնած է իր պատմության ամենակարևոր քաղաքակրթական ջրբաժանից։ Այս հունիսին, մեր անկախության 35-րդ տարում, մենք կանգնում ենք այնպիսի ընտրության առջև, որը նախկինում երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Սա ոչ թե կենցաղային, ոչ թե քաղաքական կամ գաղափարական ընտրություն է, այլ՝ քաղաքակրթական։

Այս պահին մեր երկրի առջև կանգնած խնդիրը ոչ թե անձնական հաշվեհատուցումների կամ անցյալի վրեժխնդրության հարցն է, այլ՝ մեր պետության և ժողովրդի ապագայի հարցը։ Իրականությունը այն է, որ մենք այլևս չենք կարող ապրել անցյալի մոդելներով։ 2018 թվականից հետո աշխարհը, և հատկապես մեր տարածաշրջանը, փոխվել են անվերադարձ։ Ով չի հասկանում այս փոփոխությունը, բնական ճանապարհով կմերժվի։

Հայաստանը պետք է ստեղծի նոր ներքին, տարածաշրջանային և արտաքին քաղաքականություն։ Եթե մենք դա չանենք, մեր փոխարեն դրանք կառուցելու են ուրիշները։ Սա նշանակում է, որ պետք է կառուցել նոր հարաբերություններ ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հետ, այլև՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի հետ։

Հայաստանի համար առավելագույն կարևորագույն խնդիրն է հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հենց այս պահի իրավիճակը՝ «Չպատերազմ»-ը, ճիշտ կառավարելու համար։ Դրա հնարավորությունը կախված է հաջորդ իշխանությունից, որը պետք է ունենա այս ամենի գիտակցման և ռազմավարական տեսլականի հստակ պատկերացում։

Մեր երկրի ապագան կախված է ժամանակակից պետություն կառուցելու ճիշտ ուղղությունից։ Սա պահանջում է խիզախ, գրագետ քայլեր՝ առանց անցյալի ստվերների հետևից նայելու։ Դրա հիմքում պետք է լինի տնտեսական աճի ռազմավարությունը և երկրի դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բեկումը՝ հայրենադարձության ալիքի միջոցով։ Եթե մենք չկատարենք այս քայլերը, մենք կհասցնենք, որ այսօրվա Հայաստանը դառնա անցյալի երազանք։

Այս պահին մենք ունենք երկու հստակ ընտրություն։ Մեկը՝ «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, որը նշանակում է անկրակոց կյանք՝ թուրքական աշխարհի հովանու ներքո։ Սա արագորեն կհանգեցնի տնտեսական կլանման և դեմոգրաֆիկ բալանսի անվերադարձ խախտման՝ ադրբեջանցիների «վերաբնակեցման» հաշվին։

Երկրորդը՝ փոքր, ինքնիշխան, արժանապատիվ պետություն կառուցելու ճանապարհը, որը լավ հարաբերություններ է հաստատում իր բոլոր հարևանների հետ, երկիրը հանում է միջազգային էսկալացիայի քարտեզից և տանում է ժամանակակից պետության կառուցման ինտենսիվ քաղաքականություն։

Հավաքական ընդդիմության խնդիրն է՝ ժողովրդին ներկայացնել այս երկրորդ, քաղաքակրթական ընտրությունը։ Պետք է ստեղծել իրավիճակ, որ որևէ մեկը չկարողանա խուսափել այդ ընտրությունից։ Հասարակությունը պետք է իր վրա վերցնի իր ապագայի պատասխանատվությունը։

Այս ընտրությունը պետք է կատարվի ոչ թե էմոցիաների, այլ՝ հասարակական վստահության հիման վրա։ Հավաքական ընդդիմության թիմերը պետք է կազմվեն ներկայացուցչական, թիմային տրամաբանությամբ, և ոչ թե՝ կլանային կամ շքախմբային։

Մենք եկել ենք մի պահ, երբ անձնական հաշվեհատուցումները և անցյալի վրեժխնդրությունը դարձել են անիմաստ։ Խնդիրն այլևս անձը չէ, այլ՝ այս պահի քաղաքակրթական ընտրությունը։ Մենք պետք է մեր մեջ և մեզ համար ընտրություն կատարենք. բանտերում սրբազաններ հանդուրժող ա՞զգ ենք, եկեղեցու վրա հարձակումներ հադուրժող ա՞զգ ենք, թե՝ այլ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը 2025 թվականի առաջին կիսամյակում կրել է զգալի փոփոխություններ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում երկրի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուծված հարկերի և տուրքերի մասին տվյալները։

Ընդհանուր առմամբ, այս հարկատուների կողմից պետական բյուջե է մուծվել 1,946.46 մլրդ դրամ, որից 1,580.3 մլրդ դրամը՝ հարկային մարմնի, իսկ 366.2 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի կողմից։ Այս ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 9.79%-ով կամ 173.55 մլրդ դրամով։

Առաջատար տասնյակը

2025 թվականի ընթացքում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի գլխավորումն զբաղեցնում է Մոբայլ Սենթր Արթը՝ 77.86 մլրդ դրամով։ Այս արդյունքը 2024 թվականի համեմատ ավելացել է 11.12 մլրդ դրամով կամ 16.67%-ով։ 2024 թվականին ընկերությունը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 66.12 մլրդ դրամով։ Ընկերության վճարումները 2024 թվականի համեմատ աճել են 2.57 մլրդ դրամով կամ 4.04%-ով։ 2024 թվականին այն զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։

Հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, զբաղեցնում է երրորդ տեղը՝ 52.16 մլրդ դրամով։ Այս արդյունքը 2024 թվականի համեմատ 49.8 մլրդ դրամով կամ 48.84%-ով անկում է ցույց տալիս։ 2024 թվականին այն գլխավորում էր ցանկը։

Չորրորդ հորիզոնականում է Գազպրոմ Արմենիան՝ 43.24 մլրդ դրամով։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 3.62 մլրդ դրամով ավելի քիչ, քան 2024 թվականին (46.86 մլրդ դրամ)։

Հինգերորդ տեղում է Արդշինբանկը՝ 40.2 մլրդ դրամ վճարված հարկերով։ Ընկերության վճարումները 2024 թվականի համեմատ աճել են 33.47 մլրդ դրամով կամ 497.24%-ով։ 2024 թվականին այն զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը։

Ընդհանուր միտումներ

Առաջատար տասը հարկատուների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է 409.71 մլրդ դրամ հարկ, ինչը 2024 թվականի համեմատ 3.61%-ով կամ 15.33 մլրդ դրամով պակաս է։

Իսկ առաջատար հարյուր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 1,121.78 մլրդ դրամ՝ +9.33% կամ 95.69 մլրդ դրամ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը շարունակում է աճել, սակայն առաջատար տասնյակի կազմը զգալիորեն փոխվել է՝ որոշ ընկերությունների դիրքերը բարձրացել են, իսկ մյուսների՝ իջել։

Ազգային Ժողովը 3 միլիոն դրամ է ծախսել ներկայացուցչական միջոցառումների համար

Հունվարի 23-ին ՀՀ Ազգային Ժողովը պետական բյուջեից 3 միլիոն դրամ է հատկացրել ներկայացուցչական ծախսերի համար։ Այս մասին տեղեկացանք պաշտոնական աղբյուրներից հրապարակված պայմանագրերի հիման վրա։

Հատկացված միջոցները բաժանվել են երկու հիմնական ծառայությունների միջև։

Մեկ պայմանագրի համաձայն՝ 1 միլիոն դրամ է փոխանցվել «Ջուլիետա Սարգսյան» անհատ ձեռնարկատիրոջը։ Նրա պարտականությունն էր ԱԺ-ին տրամադրել 9 ծաղկային կոմպոզիցիա՝ պատրաստված բարձրորակ ծաղիկներից, այդ թվում՝ հոլանդական և էկվադորական վարդերից։

Մյուս պայմանագրի համաձայն՝ «Պեցցո» ՍՊԸ-ն 2 միլիոն դրամի շրջանակներում Ազգային Ժողովին տրամադրել է սննդի լայն տեսականի։ Ճաշացանկը ներառում էր 51 տեսակի ուտեստ՝ տաք և սառը խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, աղցաններ, խավարտներ, աղանդեր և միրգ։

Հրապարակված պայմանագրում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, թե կոնկրետ ինչ միջոցառման համար է նախատեսված նման ծավալի և բազմազանությամբ ճաշացանկը։

Հարկ է նշել, որ «Կոնցեպտ իվենթս», «Գևորգիան կոնցեռն» և «Պեցցո» ՍՊԸ ընկերությունները, որոնք պարբերաբար ներգրավվում են պետական միջոցառումների կազմակերպման գործընթացում, կապվում են նույն անձի՝ Վլադիմիր Գևորգյանի անվան հետ։